Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Առաջին կլինիկական լիմֆոֆորումը Հայաստանում

Առաջին կլինիկական լիմֆոֆորումը Հայաստանում

Ռուսաստանի ուռուցքաբան-արյունաբանների միությունը (նախագահ` պրոֆեսոր Իրինա Պոդդուբնայա) և Հայաստանի արյունաբանների ասոցիացիան (նախագահ` պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյան) օգոստոսի 23-24-ին Երևանում անցկացրեցին կլինիկական լիմֆոֆորում:

 

Նախքան լիմֆոֆորումի մեկնարկը ԱՊՀ երկրների գլխավոր արյունաբաններն ու ուռուցքաբանները հավաքվել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում` քննարկելու 2-օրյա լիմֆոֆորումի անցկացման կարգը և դիտարկելու լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններով տառապող հիվանդների առանձնահատկությունները` ըստ յուրաքանչյուր բժշկի, ում պրակտիկայում հանդիպել է նման դեպք: 

 

Հայաստանում առաջին անգամ իրականացվող լիմֆոֆորումի մասին զրուցեցինք Հայաստանի արյունաբանների ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի հետ:


–   Պարոն Դաղբաշյան, ի՞նչ է քննարկվել:


–   Այս օրերին Հայաստանում ընթացավ լիմֆոֆորում: Պետք է ասել, որ 2010 թվականից Ռուսաստանում իրականացվում է Լիմֆոֆորում կոչվող այս նախագիծը: Հավաքվում են մի խումբ փորձագետներ, քննարկում են հիվանդությունների` չարորակ լիմֆոմաների, բարդ արտահայտված ձևերը: Միջոցառմանը ներկայացվեցին լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները, լիմֆոմայով հիվանդ հղիների վարման առանձնահատկությունները և այլն:


–   Ովքե՞ր էին լիմֆոֆորումի մասնակիցները, հյուրերը:


–   Մասնակցեցին Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Մոլդովայի և Հայաստանի արյունաբանները, ուռուցքաբան–արյունաբանները և լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների ախտորոշման հետ կապված այն բոլոր մասնագետները, ովքեր կարևոր դերակատարում ունեն հիվանդության ճիշտ ախտորոշման և բուժման հարցում, այդ թվում ՌԲԳԱ թղթակից անդամ բ.գ.դ. պրոֆ. Իրինա Պոդդուբնայան, բ.գ.դ. Լարիսա Մենդելեևան,  բ.գ.թ. Եկատերինա Վիլչևսկայան, Ղազախստանի և Մոլդովայի գլխավոր հեմատոլոգները և ավելի քան 80 բժիշկ-արյունաբաններ ու ուռուցքաբաններ Հայաստանից:

 
–   Ի՞նչ կտա ֆորում-քննարկումը բուժող բժշկին:


–   Հարցերի քննարկումները յուրովի օգնություն են բուժող բժշկին: Հայաստանյան մասնագետները ևս ունեն այսպիսի քննարկումների, վերապատրաստումների կարիք: Ֆորումի ընթացքում ներկայացվեց նաև լիմֆոմայով տառապող հիվանդների բարդություններին և նրանց բուժմանը վերաբերող մեր փորձը, միաժամանակ ստացանք մեր կլինիկական հետագա աշխատանքին անհրաժեշտ խորհուրդներ ու տեղեկատվական օգնություն:


–   Ո՞րն է լիմֆոֆորումի հիմնական նպատակը:


–   Հիմնական նպատակը փորձի փոխանակումն է յուրաքանչյուրիս համար: Կարծում եմ, որ նման շփումը մեր բժիշկներին հնարավորություն կտա այսուհետ շատ ավելի արդյունավետ իրականացնել լիմֆոմայով հիվանդների բուժումը:

 

2013թ., օգոստոսի 23-24, Երևան. Առաջին կլինիկական լիմֆոֆորումը Հայաստանում 2013թ., օգոստոսի 23-24, Երևան. Առաջին կլինիկական լիմֆոֆորումը Հայաստանում


Մեր հաջորդ զրուցակիցը Ռուսաստանի ուռուցքաբան-արյունաբանների միության նախագահ պրոֆեսոր Իրինա Պոդդուբնայան է:


–   Տիկին Պոդդուբնայա, ներկայացրեք, խնդրեմ, լիմֆոֆորումի պատմությունից, չէ՞ որ այն արդեն պարբերական բնույթ է կրում:


–   Արդեն 4-րդ տարին է, ինչ Ռուսաստանի ուռուցքաբան-արյունաբանների միությունը անցկացնում է նմանատիպ ուսուցողական միջոցառումներ: Յուրաքանչյուր բժշկի համար շատ դժվար է նման ախտաբանության մասին իմանալ ամեն ինչ , քանի որ հետազոտական և բուժական ոլորտի տեղեկատվությունն անընդհատ փոփոխվում է, հիվանդները շատ են, և յուրաքանչյուրին առանձնահատուկ մոտեցում է անհրաժեշտ: Միության ստեղծումով յուրաքանչյուր բարդ դեպքի համար տարբեր երկրների բժիշկների համատեղ քննարկման հնարավորություն ստեղծեցինք, փորձագետներին հնարավորություն տվեցինք պատասխանելու ծագած բոլոր հարցերին, և արդյունքում յուրաքանչյուր բարդ իրավիճակի դեպքում փորձել լուծում գտնել:


–   Նախքան լիմֆոֆորումի մեկնարկը կլոր սեղանի շուրջ հավաքվել էին շուրջ 40 բժիշկներ: Ի՞նչ է քննարկվել:


–   Դա ոչ սովորական, մի հետաքրքիր միջոցառում-հավաք էր: ԱՊՀ երկրների  ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի առաջատար մասնագետները հավաքվել էին մեկ հարկի տակ, որպեսզի որոշեն, թե միասնական ուժերով խնդրին մոտենալու դեպքում ինչ լուծումներ և ճանապարհներ կարող են լինել` լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների ախտորոշման և բուժման ընթացքն ավելի դյուրին դարձնելու համար:


–   Տարբեր երկրներում հանդիպող այս հիվանդության ախտանիշները և բուժման ընթացակարգը որքանո՞վ են նման:


–   Խնդիրը կա յուրաքանչյուր երկրում: Դրանք բոլորը տարբեր են, բայց եթե ստեղծենք մի միություն, որտեղ կարողանան բժիշկները փորձի փոխանակում կատարել, համատեղ վիճակագրություն ստեղծել, միասին լուծել հիվանդության ախտորոշման և բուժման ընթացքում առաջացող խնդիրները, ապա հիանալի արդյունքի կհասնենք:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. med-practic.com; nkj.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ